Encyclopedia

Բալթիկ ծով

Մակերեսը`   386 հազար քառակուսի կիլոմետր։
Գերակշռող խորությունը 40-100 մ է, առավելագույնը`   470 մ։

Հյուսիսային և Միջին Եվրոպայի ափերի մոտ գտնվող ներցամաքային ծով, որը պատկանում է Ատլանտյան օվկիանոսի ավազանին։ Ողողում է Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ափերը։

Հյուսիսային ծովին է միանում Դանիական նեղուցներով։ Խոշոր կղզիները`    Բոռհոլմ, Գոթլանդ, Էլանդ, Սաարեմաա, Հիյումաա, Ռյուգեն, Ալանդյան։ Խոշոր ծոցերը`    Բոտնիկ, Ֆիննական, Ռիգայի։

Բալթիկ ծով են թափվում

  • Նևա գետը
  • Արևմտյան Դվինա գետը (Դաուգավա)
  • Նեման գետը
  • Վիսլա գետը
  • Օդրա գետը։
Վոլգա-Բալթյան ջրային ուղիով միացված է Վոլգային, Սպիտակծով-Բալթյան ջրանցքով`   Սպիտակ ծովին։
Հիմնական նավահանգիստները`   Սանկտ Պետերբուրգ, Տալլին, Ռիգա, Լիեպայա, Կլայպեդա, Կալինինգրադ, Գդանսկ-Գդինյա, Շչեցին, Ռոստոկ-Վառնեմյունդե, Լյուբեկ, Քիլ, Կոպենհագեն, Մալմյո, Ստոկհոլմ, Լուլեո, Տուրկու, Հելսինկի, Կոտկա։
 
Անվանումը
Հին սլավոնները Բալթիկ ծովը անվանել են «Վարյագների ծով» (վարյագներ էին անվանում սկանդինավցիներին, նորմաններին), նորմանները`    Austurweg «արևելյան ճանապարհ», գերմանացիներն այն այսօր էլ անվանում են Ostsee՝ «Արևելյան ծով» (ի հակադրություն Հյուսիսային ծովի)։ «Բալթիկ ծով» անվանումը առաջացել է ուշ լատիներեն mare Balticum անվանումից, որի ծագումնաբանությունը վերջնականապես ստուգաբանված չէ. կան մի քանի վարկածներ`  
  1. Բալթի կղզու անունից (այդ կղզին հիշատակում է Պլինիոսը և նշում, որ այնտեղ սաթ էին արդյունահանում)
  2. լիտվերեն baltas կամ լատվիերեն balts՝ «սպիտակ» բառից (նկատի ունենալով ավազոտ ափերի գույնը)
  3. լատիներեն balteus, շվեդերեն և դանիերեն balte՝ «գոտի» բառից («Երկիրը գոտևորել» իմաստով)։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.